Գտնվելով ծովի մակերեւույթից 1700 մետր բարձրության վրա, համարվելով լեռնոտ երկիր եւ ունենալով կոշտ ու խստաշունչ կլիմա, Ակները, բնականաբար, չէր կարող ունենալ հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ:
Այսօր գյուղի վարչական տարածքում եւ այն հարող տարածքներում ապրում են գայլը, աղվեսը, շնագայլը, նապաստակը, առնետը, ոզնին, կրիան, մացառախոզը, օձը, լորտուն, խխունջը, մողեսը, մուկը, սկյուռը, չղջիկը, բուն, արծիվը, բազեն, կաչաղակը, ագռավը, սարյակը, կաքավը, կկուն, ծիծեռնակը, փայտփորիկը, ճնճղուկը, մորեխը, բզեզներ, մոծակներ, ճանճեր, թիթեռներ, որդեր, բազում այլ մժեղներ, կարմրախայտ ձուկը, գորտը: Պատահում են նաեւ արջ, եղնիկ, բադ, վայրի խոզ, քարայծ:
Գյուղական ընտանիքներում պահում են կով, գոմեշ, ձի, ավանակ, ջորի, ոչխար, խոզ, հնդկահավ, հավ, ճագար, մեղու, աղավնի, բադ, սագ, կատու, շուն: Ապրիլ-մայիս ամիսներից անասունները դուրս են բերվում հանդ, իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից սկսվում է նրանց ձմեռային շրջանը: Ակներցու ամենադժվար աշխատանքներից մեկը անասունների ձմմեռայինգշրջանի համար պահանջվող կերի կուտակումն է:
Անասնապահությունը միշտ եղել է նրա գոյապահպանման միջոցը եւ մինչ այսօր էլ մնացել է այդպիսի: Վարելահողերի եւ խոտհարքների քիչ լինելու պատճառով գյուղի բնակչությունը ստիպված է, ինչպես ասում են, քար ու սարի վրա էլ բոստան ունենալ եւ սարերի միչեւ 2000-3000 մետր բարձրությունից խոտ հնձել ու մեծ դժվարությամբ հասցնել տուն: Այստեղ ամենատարածված եւ օգտակար բանջարաբոստանային կուլտուրան համարվում է կարտոֆիլը, հետո՝ ոբին, որոնք, խոստովանում են մեր մեծերը, սովի տարիներին փոխարինել են հցին: Ցավոք, վերջին տարիներին կոլորադյան բզեզի հայտնվելուց հետո, դժվարագել է նաեւ կարտոֆիլի մշակումը: Ակներցիները ցանում են նաեւ հացահատիկ, գարի, ճակնդեղ, կաղամբ, քազար, ոլոռ, վարունգ, եգիպտացորեն, արեւածաղիկ, տարատեսակ կանաչեղէն: Ծառերից այստեղ աճում են խնձորենին, տանձենին, սալորենին, բալենին, հեռասենին, ընկուզենին, ուռենին, իսկ գյուղի դիմացի անտառում՝ կաղնին, թխկին, հացին, բոխին, եղեւնին, զկեռենին, վայրի տանձենին, վայրի խնձորենին, բարդին, ակացիան, պնդուկենին: Դաշտերում եւ սարերում տարածված են մասրենին, մոշը, հաղարջենին, քեղը, թրթնջուկը, ավելուկը, վայրի մորին, ուրցը, դաղձը, առվույտը, եղինջը, օգտագործման համար պիտանի բազում կանաչեղեն եւ ծաղիկներ:
Комментариев нет:
Отправить комментарий